Շարմազանովը որոշ ընդդիմադիրների կոչ է անում «թախտին նստելու ու բախտին սպասելու» փոխարեն գործ անել

Armenpress 12:11, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն արդար ու թափանցիկ լինի: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իհարկե, ես հեռու եմ այն մտքից, որ որևէ խախտում հանրաքվեի ընթացքում չի արձանագրվելու, քանի որ անգամ ամենազարգացած եվրոպական երկրներում տեխնիկական խախտումներ լինում են: Սակայն իշխանություններն անելու են ամեն ինչ, որպեսզի այս հանրաքվեն որակյալ լինի: Իսկ վերջնական գնահատականը հանրաքվեի որակյալ լինել կամ չլինելու վերաբերյալ կտան դիտորդները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն արդեն իսկ սկսել է բարձրաձայնել բազմաթիվ խախտումների ու ճնշումների մասին, Շարմազանովը նախ նկատեց, որ նման դեպքերի մասին բարձրաձայնում է ոչ թե ընդդիմությունը, այլ ընդդիմության մի հատվածը, որը մարգինալացված է: «Դուք լավ եք հիշում, որ խորհրդարանում ընդդիմության մեծ մասը «այո» է ասել Սահմանադրությանը, ինչի մասին է վկայում Ազգային ժողովում կայացած քվեարկությունը: Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են արտահայտվում, ես կարծում եմ, որ մարգինալացված են: Մենք մեղավոր չենք, որ որոշ քաղաքական ուժեր չունեն այնքան վստահված անձինք, որ ընտրատեղամասերում իրենց տեղերն ապահովեն և վերահսկեն ընտրական գործընթացը: Եթե այդ կուսակցությունները չեն կարողանում 100-ից ավել տեղամասերում իրենց տեղերն ապահովել, վաղն ինչպե՞ս են իրենց հետևից ժողովրդին տանելու»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:

Նա իշխանություններին քննադատող քաղաքական ուժերին կոչ արեց ոչ թե «նստել թախտին ու սպասել բախտին», այլ գնալ գործ անել, իրականացնել պատշաճ վերահսկողություն: «Եթե դու չունես այնքան վստահված անձինք, որ կարողանաս տեղամասերում ներկայացվածություն ապահովել, ապա մնացած խոսքերն օդում ասված խոսքեր են: Ինչպես Արևելքում են ասում՝ «հալվա ասելով բերանը չի քաղցրանում», հարկավոր է գործ անել»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am