Հայաստանում երեկը և վաղը մշտական կռվի մեջ են հենց մեր աչքի առաջ
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում լույս է տեսել լուսանկարիչ Նանդա Գոնզագի «Հայաստան» լուսանկարների պատկերագիրքը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Լ’Օeil de la photographie կայքը, իր գործերում ֆրանսիացի լուսանկարիչը պատկել է անկախ, կոմունիզմի փլատակներից վերածնվող Հայաստանը: Նանդա Գոնզագը մի քանի անգամ այցելել է Հայաստան 2007-2010 թվականներին, եղել հանրապետության չորս մարզում և Լեռնային Ղարաբաղում, լսել տեղացիների պատմությունները և ֆոտոխցիկի միջոցով վավերագրել իր տեսածը:
Լուսանկարչի նպատակն է եղել ներկայացնել ժամանակակից Հայաստանը. երկիր, որի մասին աշխարհը շատ քիչ բան գիտի` 1915 թվականի ցեղասպանության և 1988 թվականի աղետալի եկրաշարժից բացի: «Հայաստանում երեկը և վաղը մշտական կռվի մեջ են` հենց մեր աչքի առաջ»,-նշում է լուսանկարիչը:
Հայաստանն այն վայրերից է, որ պատված է առեղծվածով, երկիր, որը դժվարությամբ ես գտնում քարտեզի վրա և որի պատմության մասին շատ քիչ բան գիտես: Այսօր այն գրում է իր երկարամյա պատմության նոր էջը` ձգտելով նոր ուղի հարթել իր համար ժամանակի լաբիրինթոսում:
«Հայաստան» խորագիրը կրող 120-էջանոց պատկերագիրքը լույս է տեսել 800 օրինակ տպաքանակով: Տեքստերի հեղինակներն են Սերժ Ավետիքյանը և Ժիրայր Դեդեյանը: