Ըմբշամարտի «Տաշիր» ակումբը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում

Armenpress 18:03, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց ազատ ոճի  ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացել էր «Տաշիր» ակումբով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Հայկական ակումբն առաջին տեղով էր դուրս եկել «C» խմբից` առավելության հասնելով Ղրղզստանի (6:2), Վրաստանի (4:4 (19-15 միավորներով), Բուլղարիայի (7:1) նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ ազատոճայինները 2:6 հաշվով զիջել էին ԱՄՆ-ն ներկայացնող «Տիտան Մերկուրի» ակումբին: Բրոնզե մեդալի համար պայքարում հայկական ակումբը 0:8 հաշվով պարտվեց իրանական «Քեֆայաթի»-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայացել է նոյեմբերի 26-27-ը, մասնակցել է 15 ակումբ` Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Հայաստանից,  Հունգարիայից , Ղրղզստանից, Մոնղոլիայից,  Վրաստանից, Լատինական Ամերիկայից և չորս թիմ Իրանից:

«Տաշիր» ակումբը ներկայացնում էին Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Երվանդ Թադևոսյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ) և իրանցի չորս ըմբիշ, որոնց տրամադրել էր կազմակերպիչ երկիրը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am