Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում աչքի ընկած գյումրեցի մարզիկները կստանան դրամական պարգևներ

Armenpress 17:58, 27 Նոյեմբեր, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ ցուցաբերած գյումրեցի մարզիկներն ու նրանց մարզիչները կստանան դրամական պարգևներ: Այդ նպատակով 6 մլն 500 հազար դրամը կբաժանվի 13 մարզիկների ու մարզիչների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս, ինչպես նաև 19 հիմնական և ևս 4 լրացուցիչ հարց Գյումրու ավագանին միաձայն հաստատեց նոյեմբերի 27-ին կայացած ավագանու հերթական նիստի ժամանակ: 

Ինչպես միշտ, այս անգամ ևս ավագանու քննարկմանը ներկայացված հարցերի մեծ մասը սոցիալական բնույթի էին: Ավագանին հաստատեց  սոցիալապես անապահով  ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերելու նպատակով համայնքային բյուջեյից 1 մլն 300 հազար դրամ տրամադրելու որոշումը, որը համամասնորեն կբաշխվի 123 ընտանիքի միջև: Տարեմուտի կապակցությամբ գումարներ կհատկացվեն Արցախյան հերոսամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների ընտանիքներին, առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին, Հունգարիայի և Մեծ Հայրենականի մասնակից վետերաններին:

Ավագանին նաև որոշեց գումար հատկացնել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը՝ «Տաք ձմեռ» ծրագրին աջակցելու, Շիրակի թեմի Սուրբ յոթ վերք եկեղեցու բարեգործական ջոկատին, 300 հազար դրամ՝ «1 բացիկ-1 բնակարան»  ծրագրի համար, գումար կհատկացվի նաև Գյումրու համայնքային ենթակայության երեք մարզադպրոցներին:

Ավագանին նիստի ժամանակ քննարկեց և ընդունեց նաև նախկինում ընդունած մի քանի որոշումների փոփոխությունների, քաղաքի տարբեր տարածքներում ինքնակամ կառույցների օրինականացման, հողամասերի վարձակալությամբ տրամադրման և վարձավճարների չափի հաստատման մասին հարցերը:

Ավագանու նիստի ժամանակ նաև նշվեց, որ Գյումրու քաղաքապետարանը կդիմի ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամին՝ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրերին Գյումրու մասնակցության խնդրանքով: Դրանք այս տարի կլինեն համայնքապատկան 2 մանկապարտեզների մասով: Ծրագրի հաստատման դեպքում համայնքը պատրաստ է 10 տոկոս ներդրում կատարել:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am