Սերգո Կարապետյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ-ում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը

Armenpress 12:24, 27 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 27-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբին նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք:

«Վերջին տարիներին հարևան Իրանի հետ հատկապես գյուղատնտեսության բնագավառում ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Հուսով եմ Ձեր պաշտոնավարման ընթացքում երկուստեք համագործակցությունն ագրարային ոլորտում ավելի կամրապնդվի ու կընդլայնվի»,-նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Հայաստանի և Իրանի միջև դեռևս առկա է չօգտագործված ներուժ` փոխգործակցության հեռանկարային ճյուղերի թվում, նախարարը, մասնավորապես, մատնանշել է անասնապահությունը` հատկապես ոչխարաբուծությունը և թռչնաբուծությունը, համատեղ ջերմոցային տնտեսությունների հիմնման հնարավորությունը, ինչպես նաև կարևորել է ոռոգման ոլորտում կաթիլային համակարգի ներդրման և հակակարկտային ցանցերի արտադրության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը:

Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, իր հերթին, նշել է, որ Իրանը կարող է արդյունավետ համագործակցել Հայաստանի հետ նաև սերմարտադրության և ծաղկի արտադրության, ինչպես նաև ծառերի սորտերի բարելավման ոլորտներում: 

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում ծովախեցգետնի արտադրություն հիմնելու հնարավորությունը` Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով, որտեղ այս մթերքն ունի մեծ պահանջարկ:

Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է նաև Հայաստանում և Իրանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողովներ, որոնք հնարավորություն կընձեռեն հայ և իրանցի գործարարներին ծանոթանալ երկու երկրներում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանան երկկողմ կապերի աշխուժացման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է դեսպանին իր իրանցի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am