Հակակոռուպցիոն քայլերը լինելու են շատ արագ, շատ հաջորդական և տրամաբանական

Armenpress 13:25, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ունի անհրաժեշտ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Հակակոռուպցիոն պայքարն իր դրսևորումներում տարբեր ձևով է արտահայտվելու, և բոլորը շուտով ականատես կլինեն այդ ամենին: Ես կարծում եմ, որ լավագույն գնահատականը կլինի այն ժամանակ, երբ մեր կողմից կիրականացվեն քայլեր, որոնց գնահատականը տալու եք դուք, հասարակությունը,  միջազգային կազմակերպությունները և մենք ինքներս` գնահատելով այն, թե ինչ կարողացանք անել, ինչը չարեցինք և ինչ պատճառներով»,-շեշտեց պաշտոնյան:

Նա նկատեց, որ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակներում արդեն իրականացվել և իրականացվում են որոշակի գործողություններ: «Մեր կողմից ձեռնարկված հակակոռուպցիոն քայլերը լինելու են շատ արագ, շատ հաջորդական, տրամաբանական և շաղկապված: Ես համոզված եմ, որ տարատեսակ գնահատականներ հնչեցնելիս մենք պետք է առաջնորդվենք բովանդակությամբ, ինչը շատ կարևոր է»,-ընդգծեց Հովհաննիսյանը` հավելելով, որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա կզգա հակակոռուպցիոն պայքարի դրական արդյունքները:

Անդրադառնալով ապօրինի հարստացման դեմ պայքարին` Արփինե Հովհաննիսյանն ասաց հետևյալը. «ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծում մենք ներառել ենք ապօրինի հարստացմանը վերաբերող հոդվածը, և ես ուզում եմ բոլոր ԶԼՄ-երին խնդրել, որ այդ նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն Արդարադատության նախարարություն»:

Կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագիրըԸստ ռազմավարության` առաջնահերթությունը տրվելու է չորս ոլորտների, որտեղ հակակոռուպցիոն միջոցառումներ կիրականացվեն: Դրանք են առողջապահությունը, կրթությունըպետական եկամուտների հավաքագրումը և ոստիկանության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am