Կրեմլը չի կարողացել պարզել Սիրիայում կործանված Սու-24-ի անձնակազմի ճակատագիրը
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը չունի պաշտոնական տեղեկատվություն Սիրայում կործանված Սու-24-ի օդաչուների ճակատագրի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ինտերֆաքսը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ, չկա պաշտոնական տեղեկատվություն», - ասել է նա լրագրողներին` պատասխանելով համապատասխան հարցին:
Ըստ Պեսկովի` հավաստի տեղեկատվություն կարող է լինել միայն պաշտպանության նախարարությունից:
Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված «երկինք-երկինք» հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»:
«Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: