ՕՊԵԿ-ը Հայաստանին 25 միլիոն դոլարի վարկ կտրամադրի

Armenpress 14:00, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամը Հայաստանին 25 միլիոն ԱՄՆ դոլարի փոխառություն կտրամադրի գյուղական տարածքների ջրային ենթակառուցվածքների զարգացման համար:

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց «Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջեւ «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագիր» վարկային համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայնագրին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆիանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ վարկը Հայաստանին տրամադրվում է 20 տարի մարման և 5 տարի արտոնյալ ժամկետով: Տարեկան սպասարկման վճարը կկազմի մեկ տոկոս, իսկ տոկոսադրույքը՝ 2.5 տոկոս: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ վարկային միջոցներով բարելավվելու են Հայաստանի 7 մարզերի համայնքների ջրային համակարգերը: Բացառություն են կազմում միայն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերը»,- մանրամասնեց Ջանջուղազյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am