ԵԱՏՄ-ն կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը. Պուտին
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Իրանը մտադիր են ուժեղացնել առեւտրական կապերի դինամիկան՝ ուշադրություն դարձնելով ապրանքային անվանացանկի դիվերսիֆիկացմանը, ավելի լայնորեն օգտագործել ազգային արժույթները փոխհաշվարկներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թեհրանում լրագրողներին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Նա նաեւ հայտնել է, որ կողմերն ակտիվացնելու են արդյունաբերական կոոպերացումը: «Ռուսաստանը պատրաստ է այդ նպատակով պետական արտահանական վարկ հատկացնել 5 մլրդ դոլարի չափով»,- ասել է նա եւ հավելել, որ երկկողմ համագործակցության համար 35 առաջնային նախագիծ է ընտրվել էներգետիկայի, շինարարության, ծովային տերմինալների, երկաթուղիների եւ այլ բնագավառներում:
ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը գործնական ոգով կսկսի ուսումնասիրել Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցը:
«Եվրասիական տնտեսական միությունը գործնական ոգով կսկսի Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հնարավորությունների ուսումնասիրումը»,- ասել է Պուտինը:
Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը Իրանին կօգնի վերապրոֆիլավորել միջուկային արտադրությունները՝ խաղաղ նպատակներով արտադրանք թողարկելու համար: «Մենք կշարունակենք փոխշահավետ համագործակցությունը ատոմային էներգետիկայում»,- հավելել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` AP