Հայկական ՏՀՏ ընկերությունները եվրոպական ավտոարշավից վերադարձել են 300 պայմանավորավածություններով

Armenpress 12:32, 20 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի 18 երկրներում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ավտոարշավի մասնակիցները վերադարձել են ավելի քան 300 նախնական պայմանավորվածություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները ներկայացրին մեկ ամիս տևած ճանապարհորդության արդյունքները և մատանշեցին հետագա անելիքները:

«Հայկական ՏՀՏ եվրոպական ավտոարշավ» ծրագիրն իրականացվել է հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 5-ը: Ծրագրին մասնակցել են հայկական 26 ՏՀՏ ընկերությունների 36 պատվիրակներ: Ավտոարշավը ներառել է 18 երկիր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 12 պաշտոնական և ավելի քան 30 անհատական հանդիպումներ Վիեննայում, Կատովիցեում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում, Մարսելում, Զագրեբում, Միլանում, Բելգրադում և Սոֆիայում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշեց, որ սա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների հաջողությունները, այլ Հայաստանի բարենպաստ ներդրումային միջավայրը ներկայացնելու լավ ձևաչափ էր, որը պետք է շարունակական լինի` ներառելով նաև տնտեսության այլ ոլորտները: 

«Սա ոգևորիչ ու գործնական քայլ էր: Մենք դեռ այս նախագծի արդյունավետությունը պետք է գնահատենք, տեսնենք` ինչ հաջողություններ ունեցանք»,-ասաց փոխնախարարը: Նա նշեց, որ ձեռք են բերվել մի քանի պայմանավորվածություններ, մասնավորապես, լեհ և գերմանացի գործընկերների հետ: «Ես` որպես կառավարության ներկայացուցիչ, մասնակցել եմ Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած հայ-լեհական համաժողովին, որի ժամանակ նկատեցինք շահագրգռություն ընդհանուր կապիտալով ընկերությունների հիմնման, որի արտադրանքը կուղղվի նաև ԵԱՏՄ շուկա»,-նշեց Էմիլ Տարասյանը` հավելելով, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՏՏ-ում, այլև գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում համատեղ ձեռնարկությունների հիմնմանը: «Գերմանիայում, երբ ներկայացվեց ՀՀ ներդրումային դաշտի առանձնահատկությունները, պարզվեց, որ իրենք ունեն ՏՀՏ ոլորտի ստեղծագործական լուծումների կարիք և պատրաստակամություն հայտնեցին տալ պատվերներ մեր կազմակերպություններին` ստանալու համար արդյունավետ լուծումներ»,-նշեց էկոնոմիկայի փոխնախարարը: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր և տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով` ավտոարշավը թույլ տվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ձեռք բերել փորձ, տեսնել, թե ինչպես են աշխատում իրենց գործընկերները Եվրոպայում: Նա հայտնեց, որ արդեն սկսել են պատրաստվել հաջորդ արշավին, որը կկայանա 2016-ին ԱՄՆ-ում և Կանադայում: «Նախատեսում ենք մեկնել Նյու Յորք, որտեղից էլ տարբեր քաղաքներ ու տեխնոլոգիական կենտրոններ: Բանակցություններ ենք սկսել Միացյալ Նահանգներում մեր ավտոարշավի հովանավորների հետ»,-ավելացրեց Վահան Շաքարյանը:

Էմիլ Տարասյանն էլ շեշտեց, որ միջոցառումների ճանապարհային քարտեզը գծվում է` հաշվի առնելով մասնակից ընկերություններին հետաքրքրող շուկաներն ու արտասահմանյան ընկերությունները:

Ծրագրի իրականացմանն աջակցել են ԼՂՀ կառավարությունը, «Ռեսո», «Արկոլադ», «Արփինետ» ընկերությունները, Համաշխարհային հայկական կոնգրեսըԾրագրի գլխավոր հովանավորներն են «Լոֆթ» և «Սիթիմոբիլ» ընկերությունները, իսկ գլխավոր ֆինանսական գործընկերն ու աջակիցը «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am