Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրաքի դեսպանի հետ

Armenpress 14:13, 18 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման տարիներին հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների հարաբերություններում վերջին տարիներին արձանագրվել է զգալի առաջընթաց. երկու երկրներում գործում են դեսպանություններ, ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, աշխուժացել են առևտրատնտեսական հարաբերությունները, որոնց արդյունքում ավելացել է երկկողմ ապրանքաշրջանառությունը:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ վերոնշյալ ձեռքբերումները խոսում են երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության և վճռականության մասին:

Նախագահը մաղթել է, որպեսզի Իրաքում շուտափույթ խաղաղություն և կայունություն հաստատվի: ՀՀ Նախագահը և Իրաքի դեսպանը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպան Խալեդին շնորհակալություն է հայտնել գնահատանքի և բարեմաղթանքների համար` նշելով, որ իր համար մեծ պատիվ էր պաշտոնավարել հարուստ պատմություն և մշակույթ ունեցող հինավուրց Հայաստանում, որտեղ ձեռք է բերել մեծ փորձ և բազմաթիվ ընկերներ:

Նա վստահեցրել է, որ որտեղ էլ հետագայում իրականացնի իր դիվանագիտական աշխատանքը, կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am