Հայաստանի կառավարությունն ու Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել են 8 միլիոն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիր

Armenpress 18:09, 16 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 16  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ հոկտեմբերի 16-ին ստորագրվել են ՀՀ կառավարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք փաստաթղթեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի կոշտ թափոններ` փուլ 1» 8 մլն եվրո արժողությամբ ֆինանսական պայմանագիրը: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: «Երևանի կոշտ թափոնների ծրագիրը» երեք բաղադրիչի միջոցով բարելավելու է Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգը: 

Ստորագրվել է նաև կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկին և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայը: Հաջորդիվ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ԵՆԲ փոխնախագահ Լասլո Բարանյայն ստորագրել են «Մ6-Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի վերականգնման և բարելավման ներդրումային ծրագրի» մտադրությունների մասին հռչակագիրը: Հռչակագրով կողմերը հաստատում են իրենց հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ համագործակցելու և Վանաձորից Բագրատաշեն 90 կմ երկարությամբ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագիրն իրականացնելու վերաբերյալ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am