Մարսելում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան է բացվել

Armenpress 11:53, 10 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի պատմական Ֆարո պալատի այգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցել Վիգեն Ավետիսի «Հայոց Մայր» բրոնզե հուշարձանի բացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ:

Գի Տեսիեն իր բացման խոսքում նշել է, որ արձանի ցուցադրությունը ոգեշնչող է, որի նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915թ. հայերի հանդեպ տեղի ունեցած Ցեղասպանության մասին:

Նա անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններին, հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` հայանպաստ բազմաթիվ միջոցառումների անցկացման գործում:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեին` վերջինիս` Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում հետևողական գործունեության համար, բոլոր մարսելցիներին, ինչպես նաև ողջ ֆրանսիացի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար` նշելով, որ Հայաստանում առանձնակի բարձր են գնահատում Ֆրանսիայի դերակատարությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Միջոցառման ավարտին կայացավ համերգ Ալեն Բաբուշյանի լարային քառյակի և լիոնցի օպերային երգիչ Պիեր Քապելայի մասնակցությամբ: Հնչեցին Կոմիտասի և արտասահմանյան կոմոզիտորների մի շարք ստեղծագործություններ:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական լրատվամիջոցներով:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am