Ըմբիշ Սարգիս Քոչարյանը՝ Համաբանակային 6-րդ խաղերի բրոնզե մեդալակիր

Armenpress 13:50, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը, որտեղ Հայաստանը նվաճել է առաջին և դեռևս միակ բրոնզե մեդալը, որին արժանացել է ըմբիշ Սարգիս Քոչարյանը:

«Արմենպրես»-ի հաղոդմամբ, այս մասին տղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հոկտեմբերի 9-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (59 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ):

80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8:0 հաշվով հաղթել էր մոնղոլ Բոլդբատար Օչիրին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 8:3 հաշվով առավելության է հասել կորեացի Ջուն Հյունգ Կիմի նկատմամբ: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Քոչարյանը 1:4 հաշվով զիջել է ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Քոչարյանը 3:0 հաշվով հաղթել է լիտվացի Ջուլիուս Մատուզևիչուսին:

71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 8:0 հաշվով հաղթել է  Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան Նասիբովին: Քառորդ եզրափակիչի բավականին լարված պայքարում Ալեքսանյանը 4:5 հաշվով զիջել է իրանցի Մուհամադալի Գերայեին, վերջինս հասել է եզրափակիչ, ինչը հայ ըմբիշին թույլ է տվել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը 4:2 հաշվով առավելության է հասել հնդիկ Յարդավի նկատմամբ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ալեքսանյանը  տուշեով (4:10) պարտվել է Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Էլդսուկիին: 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում և դուրս մնացել հետագա պայքարից:

Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում է 110 երկրի 8700 մարզիկ: Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am