Էրդողանի կնոջ առևտուրը Բելգիայում իրարանցում է առաջացրել

Armenpress 11:56, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով ամուսնու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այս օրերին գտնվում է Բելգիայում, բրյուսելյան խանութներից գնումներ անելու համար այցելել է ամենաշքեղներից համարվող Ավենյու Լուի բուլվար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

Էմինե Էրդողանի անվտանգությունն ապահովելու համար նրա թիկնազորը լայն միջոցառումներ է ձեռնարկել և երթևեկության համար փակել է բուլվարը: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել է: Նման իրարանցումը դժգոհություն է առաջացրել շատ բելգիացների շրջանում:

Տեղական La Capitale թերթը այս առևտրի մասին լուրը հրապարակել է իր գլխագրում: Հաղորդվում է, որ Էմինե Էրդողանը Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում է կատարել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am