ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում

Armenpress 20:33, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էնն Վիկտովսկու հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ամերիկացի պաշտոնյային ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Նախարարը գոհունակությամբ նշել է, որ հայ-ամերիկյան գործընկերությունը տարբեր, ներառյալ պաշտպանական և անվտանգության բնագավառներում, զարգանում է` արժևորելով Հայաստանի խաղաղապահ կարողությունների զարգացմանը ցուցաբերած Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էնն Վիկտովսկին ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը, պաշտպանական բնագավառում փոխգործակցությունը և Հայաստանի կարևոր ներդրումը խաղաղապահ գործողություններում։ ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրավերով Նյու Յորքում կայացած Խաղաղապահության հարցերով Առաջնորդների գագաթաժողովին Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության համար։

Էնն Վիտկովսկին կարևորել է Երևանում «Մարտահրավերներ ամենամյա ֆորում 2015»-ի անցկացումը, որը խաղաղապահության վերաբերյալ տարաբնույթ հարցերի քննարկման լավ հարթակ հանդիսացավ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am