Կոմիտասի անվան լարային քառյակը ելույթ է ունեցել Լյուբլին քաղաքում

Armenpress 14:30, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Լյուբլին քաղաքի պետական թանգարանի մեծ սրահում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել վաստակավոր կոլեկտիվ, պետական մրցանակի դափնեկիր Կոմիտասի անվան Ազգային լարային քառյակի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին, որն ուղիղ եթերով հեռարձակվել է «YouTube» տեղեկատվական ցանցի միջոցով, մասնակցել են հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Լյուբլին քաղաքի մշակութային հասարակության, հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ օտարերկրացիներ:

Համերգի սկզբում ելույթով հանդես է եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ քառյակը կրում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Կոմիտասի անունը, որը 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերից մեկն էր։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել համերգի կազմակերպիչներին և թանգարանի տնօրինությանը հյուրընկալության և ջանքերի համար՝ նշելով, որ 2015թ. ընթացքում Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում Լյուբլին քաղաքում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք այլ միջոցառումներ:

Քառյակի կատարումներով հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Մոցարտի, Չայկովսկու, Շումանի, լեհ կոմպոզիտորների ստեղծագործություններ, որոնք արժանացել են հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am