Թուրքիայում Դավութօղլուի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Armenpress 10:19, 6 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Չանքայայի պալատում ուժային կառույցների ղեկավարների հետ անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Շուրջ 3 ժամ տևած նիստի ժամանակ քննարկվել են թուրք-սիրիական սահմանին օդային խախտումներին, Իրաքից և Սիրիայից Թուրքիային սպառնացող ահաբեկչությանը, ինչպես նաև երկրի ներսում տարվող հակաահաբեկչական պայքարին առնչվող հարցեր:

Նիստին ներկա են եղել փոխվարչապետները, ներքին գործերի և արդարադատության նախարարները, ցամաքային, օդային և ծովային ուժերի հրամանատարները, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ազգային հետախուզական ծառայության ղեկավարը և այլոք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am