Ես արդեն խաղում եմ եվրոպական բարձրակարգ ակումբում. Հենրիխ Մխիթարյան

Armenpress 12:53, 4 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Stern պարբերականին՝ անդրադառնալով Գերմանիայում ապրելուն եւ Թոմաս Տուխելի հետ փոխհարաբերություններին:

«Դորտմունդում հիմա բնակվում եմ քաղաքի հարավային հատվածում, որտեղ բնակարան եմ վարձել: Ես կարծում եմ, որ ժամանակն է սեփական տանն ապրել, այլ ոչ թե բազայում և օր ու գիշեր ֆուտբոի մասին չմտածել»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև իր  Դորտմունդի «Բորուսիա»-ի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխեի հետ փոխհարաբերությունների մասին՝ մասնավորապես ասելով. «Մարզիչ Տուխեի հետ ունեցած առաջին իսկ խոսակցությունից հետո ինձ համար պարզ դարձավ, որ նա վստահում է ինձ»:

Պարբերականի այն հարցին, թե արդյոք Մխիթարյանը չի երազում Եվրոպական ավելի բարձրակարգ ակումբում խաղալ, հայ կիսապաշտպանը պատասխանել է. «Ես արդեն խաղում եմ եվրոպական բարձրակարգ ակումբում»:  

Դորտմունդի «Բորուսիա»-ն այժմ Բունդեսլիգայում 17 միավորով 2-րդ տեղում է եւ հաջորդ հանդիպումը կանցկացնի Մյունխենի «Բավարիա»-ի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am