Նախագահ Սարգսյանը ցավակցել է Բարաք Օբամային

Armenpress 21:07, 2 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային` ԱՄՆ Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Օրեգոն նահանգի Ամփքուա համայնքային քոլեջում տեղի ունեցած ողբերգության լուրից, որը մեկ տասնյակ անմեղ երիտասարդների կյանքեր խլեց` նրանց հարազատների և մերձավորների հոգում թողնելով անբուժելի վերք: Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am