Ցեղասպանությունը ճանաչած թուրք լրագրողը հարձակման հետևանքով վիրահատության է ենթարկվել

Armenpress 17:06, 2 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած հայտնի թուրք լրագրող, թուրքական «Հուրիեթ» պարբերականի աշխատակից Ահմեթ Հաքանը, ում վրա սեփական տան մոտ սեպտեմբերի 1-ի գիշերը չորս անձինք հարձակում էին իրականացրել, վիրահատության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հոկտեմբերի 2-ին վիրահատել են Հաքանի քիթը:

Չորս անձանց կողմից հարձակման ենթարկված Հաքանը տեղափոխվել էր հիվանդանոց կողերի և քթի կոտրվածքներով: Նշվում էր, որ կա վիրահատության անհրաժեշտություն: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել հարձակումն իրականացրած 4 անձանց: Հաքանն ավելի ուշ հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում է. «Շարունակելու ենք գնալ այն ուղով, որը ճիշտ է»:

Ավելի ուշ տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ հարձակումն իրականացրած չորս երիտասարդներն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ)` Ստամբուլի Ֆաթիհ շրջանային գրասենյակի անդամներ են:

Ահմեդ Հաքանը բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանության անժխտելի իրողության մասին: Նա նույնիսկ հոդված ունի, որում թվարկում է յոթ փաստ, որոնց համաձայն` Ցեղասպանությունն անհերքելի իրականություն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am