Բրյուսելում Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցահանդես է բացվել

Armenpress 11:52, 30 Սեպտեմբեր, 2015

ԲՐՅՈՒՍԵԼ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին ցուցադրություն է բացվել Բրյուսելում` Բելգիական դիմադրության թանգարանում (National Museum of the Resistance): Ցուցահանդեսում ներկայացված նկարները պատկանում են Բելգիայում բնակվող երևանցի արվեստագետին, ով Բրյուսելում առավել հայտնի է Սամո ստեղծագործական կեղծանվամբ: Ցուցադրությունը միտված է բարձրացնելու իրազեկվածությունը հայ ժողովրդի հետ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ և կանխելու հետագա ցեղասպանությունները: «Արվեստը հզոր է, քանի որ կարող է մարդկանց իրազեկել առանց մի բառ անգամ կիրառելու: Նկարները խոսուն են: Սա միայն արվեստ չէ, սա ուղերձ է մարդկությանը, որ նման բաներ այլևս չկրկնվեն»,- Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամոն:

Արվեստագետի նկարներում կողք կողքի են կյանքն ու մահը: Գրեթե ամեն նկարում կա արև և լուսին. լուսինը խորհրդանշում է մահը և այն ավերածություները, որոնք Օսմանյան Թուրքիան բերեց հայ ժողովրդին, իսկ արևը ներկայացնում է կյանքը և այն հույսը, որը մնացել է: Մեկնաբանելով նկարներում առկա շարժումը` հեղինակը նշեց. «Ես ցանկացա ցույց տալ շարժումը, որը մշտապես գնում է կյանքի ուղղությամբ: Այս մարդիկ ճամփորդում են դեպի արևը, դեպի լույսն ու խոստացված երկիրը` Հայաստանը»:

Թանգարանի ներկայացուցիչ Ժան-Ժակ Բուշեն, խոսելով Սամոյի արվեստի մասին, նկատեց. «Մեզ համար Սամոն նաև դիմադրության մարտիկ է: Նա պայքարում է, որ Ցեղասպանությունը հիշվի և դատապարվի բոլորի կողմից: Բելգիացիները կռվել են նացիստների դեմ, և մենք մեր պարտականությունն ենք համարում պայքարելու բոլոր նրանց դեմ, ովքեր ցեղասպանություն են իրականացրել: Մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր տառապել են»:

Բացման արարողությանը ներկայացվել է նաև «Աղետ» տեսաֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ցուցադրությունը կշարունակվի մինչև 2015 թվականի նոյեմբերի 4-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am