ՀՊՏՀ-ում բացվել է ուսանողների համար նախատեսված հրաձգարանը

Armenpress 15:03, 19 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ուսանողների համար նախատեսված հրաձգարանի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հրաձգարանում առաջին կրակողը եղավ հենց Սեյրան Օհանյանը, ով մի քանի անգամ դիպուկ գտնվեց նշանակետը խոցելու հարցում:

Հրաձգարանի բացմանը մասնակցում էին նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաձգարանի բացման կապակցությամբ շնորհավորեց բուհի ուսանողներին՝  հույս հայտնելով, որ նրանք ակտիվորեն կօգտվեն դրանից: «Մենք հույս ունենք առաջիկայում հրաձգարանի հնարավորությունները ավելացնելու եղանակով աջակցել այս բուհում հայոց բանակի համար լավ զինվորների պատրաստման գործընթացին»,- ասաց նախարարը:

Հրաձգարանը կառուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ և  գործելու է ՀՊՏՀ ֆիզկուլտուրայի ամբիոնին կից:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am