Արամ Ա-ն Աթենքում հանդիպումներ է ունեցել քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի հետ
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 4-ի ողջ օրվա ընթացքում Աթենքում տեսակցություններ է ունեցել միջկրոնական համագումարի մասնակից քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի և Սաուդյան Արաբիայի պետության ներկայացուցչի հետ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել Հունաստանի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանի, ազգային վարչության և թեմի ներսում գործող թեմական կառույցների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջկրոնական, Միջին Արևելքի ներկա կացության, ինչպես նաև հունահայոց թեմի կապված հարցեր ու ծրագրեր:
Համագումարի աշխատանքներին զուգահեռ, Արամ Ա կաթողիկոսը նաև հարցազրույցներ է ունեցել հունական, հայկական ու միջազգային թերթերի և լրատվական գործակալության ներկայացուցիչների հետ: Հարցազրույցներում առավելապես ընդգրկվել են Միջին Արևելքի ու իսլամ ծայրահեղականության և կրոնների գործակցության կապված հարցեր:
Աթենքում կայացած միջկրոնական համագումարի ընթացքում Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ կրոնական ծայրահեղականությունը ներկա աշխարհի ամենամտահոգիչ չարիքներից մեկն է: Հետևաբար այն արմատախիլ անելը համամարդկային ու համաշխարհային մոտեցում է ենթադրում քաղաքական, տնտեսական, զինվորական կրոնական և այլ ազդու միջոցների ծրագրված օգտագործումով: