Բրիտանացի մասնագետները հայ անեսթեզիոլոգներին նվիրաբերել են 116 պուլսօքսիմետր

Armenpress 13:32, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարած հերթական այցի ժամանակ Kibelle բարեգործական ծրագրի ներկայացուցիչները հայ անեսթեզիոլոգների համար նվեր են բերել 116 պուլսօքսիմետր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Kibelle-ը բարեգործական ծրագիր է, որի կենտրոնը գտնվում է Հյուսիսային Կարոլինայում (ԱՄՆ)։ Ծրագրի շուրջ համախմբված մանկաբարձական անեսթեզիոլոգների կամավոր խումբն ուսուցողական ծրագրեր է իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: 2006թ-ից ամեն տարի նրանք Հայաստանում սեմինարներ և հանրապետության մարզերի ծննդօգնության բուժհիմնարկներում աշխատանքային շաբաթ են կազմակերպում։

Հայաստանի Անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորումը (նախագահ` Դավիթ Մելքոնյան) այս կազմակերպության աջակցությամբ, օգտվելով միջազգային ուղեցույցներից, մշակել և հրատարակել է Մանկաբարձական անեսթեզիայի ազգային ուղեցույցը։ 

Վերջերս Kibelle-ը դիմել էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո գործող Lifebox անգլիական կազմակերպությանը` Հայաստանին պուլսօքսիմետրեր տրամադրելու խնդրանքով։ Սարքն ապահովում է մարդու կյանքի անվտանգությունը վիրահատության ընթացքում։ Փոքրիկ սարքն անեսթեզիոլոգին ճշգրիտ տեղեկատվություն է տալիս սրտի բաբախի հաճախականության և սատուրացիայի` արյան մեջ թթվածնի հագեցվածության մասին։ 

Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած մասնագետները` Kibelle-Հայաստան ծրագրի ղեկավար Սայմոն Միլարը և Գորդու Յուիլը սեպտեմբերի 6-ին հայ անեսթեզիոլոգների և այլ մասնագետների համար կկազմակերպեն սեմինար։ Նրանք կներկայացնեն նոր սարքը, կանցկացնեն մասնագիտական քննարկումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am