«Շանթ 2015» զորավարժություն. Կապանի փոխքաղաքապետը մանրամասնում է օդային տագնապ սցենարի խաղարկումը

Armenpress 13:00, 5 Սեպտեմբեր, 2015

ԿԱՊԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի 5-ին Կապանում խաղարկվել է «Օդային տագնապ», որն ավարտվել է մեկ ժամ անց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը, քաղաքում 3 ուղղությամբ միացվել են ձայնային ազդանշանները հնչեցնող շչակները: ««Օդային տագնապ» ուսումնական ազդանշանը կազմակերպվել է պատշաճորեն, սցենարը խաղարկվել է բնական հունով, նախապես ամեն ինչ արվել էր, որ բնակիչները խուճապի չմատնվեն»,- ասաց փոխքաղաքապետը:  

Մինչ այդ բնակիչները տեղական հեռուստաընկերություններով զգուշացվել էին, որ զորավարժություններ են ընթանում, որպեսզի հնարավոր ձայնային ազդանշաններից խուճապի չմատնվեն: Հատկապես պատերազմական գործողություններին մասնակցած սահմանամերձ Կապանի բնակիչները դեռ հիշում են իրական «Օդային տագնապներն» ու ռազմականն ինքնաթիռները քաղաքի երկնքում: Բնակչության հետ, քաղաքապետարանի հանձնարարությամբ, աշխատանք էին տարել նաեւ համատիրությությունների նախագահները, ճշտվել էին ապաստարանների տեղերը, դրանց ներկա վիճակը:

Զորավարժությունների ընթացքում շուրջօրյա հերթապահությամբ եւ հատուկ ռեժիմով են աշխատում Կապանի քաղաքապետարանն ու նրա ենթակայության բոլոր հաստատությունները:

Հայաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

Ա.Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am