Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Սերբիայի թիմին

Armenpress 00:40, 5 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին, հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին, պարտվեց 2-0 հաշվով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատարկ մարզադաշտում անցկացվող խաղի մեկնարկային րոպեներին երկու թիմերի գործողություններում ակնհայտ զգուշություն կար: Սակայն հանդիպման 22-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային թիմի պաշտպան Լևոն Հայրապետյանը, ով պաշտպանության ընթացքում գնդակը միամտաբար ուղարկեց Հայաստանի դարպասը: Սերբերին հաջողվեց նաև կրկնապատկել հաշվի տարբերությունը խաղի 53-րդ րոպեին: Գոլն իր ակտիվում գրանցեց Լյաչիչը: Վերջինս գոլը խփեց այն ժամանակ, երբ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, և հանուն «արդար խաղ»-ի կանոների սերբերը պարտավոր էին դուրս հանել գնդակը: Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով, և մեր ընտրանին մնաց նույն 1 միավորով և արդեն մրցաշարային աղյուսակի հետնապահն է:

Հայաստանի ֆուտբոլի թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի երկու օր հետո` սեպտեմբերի 7-ին: Այդ խաղում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am