Շիրակի մարզպետը կարևորում է «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները

Armenpress 20:41, 4 Սեպտեմբեր, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետը կարևորում է «Շանթ 2015»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Ֆելիքս Ցոլակյանը  սեպտեմբերի 3-6-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվող պլանային բնույթի այս վարժությունները անչափ կարևոր է համարում ցանկացած երկրի, իսկ Հայաստանի նման երկրի համար՝ հատկապես: 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց մարզպետը՝ հավելելով, որ այս վարժանքները ստուգում են նաև մեր պատրաստականությունը: «Զորավարժությունները կարևոր են նրանով, որ մենք մեկ անգամ ևս ստուգում ենք մեզ ու մեր կարողությունները, նաև` հասկանալու համար, թե ինչքան ենք մենք պատրաստ տարբեր իրավիճակներում: Գտնում  եմ, որ պատրաստ ենք»,- ավելացրեց մարզպետը՝ ընդգծելով, որ ինչպես ցույց տվեց այս ընթացքում կատարված աշխատանքը, Շիրակի մարզը՝ իր բոլոր կառույցներով՝ համապատասխան ու ներդաշնակ աշխատանքով, ևս պատրաստ  է տարբեր իրավիճակների:

Հայաստանում մեկնարկել են «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Համապետական նշանակության «Շանթ-2015» զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմականկառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակը առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

 Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am