Սահմանադրության նախագծով միասեռ ամուսնություններն անօրինական են. Հրայր Թովմասյան

Armenpress 14:34, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրության նախագծով միասեռ ամուսնություններն արգելված են. ցանկացած նման ամուսնություն կհամարվի հակասահմանադրական: Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից մեկի հարցին: «Միասեռ ամուսնությունները Հայաստանի Սահմանադրության նախագծում ամրագրված դրույթներով ընտանիք չեն կարող համարվել, նրանք չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո, չեն կարող համարվել հասարակության բնականոն բջիջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Թովմասյանը:

Թովմասյանը նաև վստահեցրեց քննարկման մասնակիցներին, որ Սահմանադրության նախագծում ամրագրված դրույթները վերջնական չեն, կլինեն փոփոխություններ նաև խորհրդարանական լսումների ընթացքում հնչած առաջարկների հիման վրա: «Ես ձեզ վստահեցնում եմ, որ այս պահին ներկայացված նախագիծն էլ ձևավորվել է հանրային սեկտորի, քաղաքական ուժերի հետ կայացած քննարկումների արդյունքում և վստահեցնում եմ, որ դեռ կլինեն փոփոխություններ նաև այսօրվա քննարկման արդյունքներով: Մենք լսում ենք ձեր առաջարկները և դրանք հաշվի են առնվելու»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am