Լիդո կղզում մեկնարկեց Վենետիկի միջազգային կինոփառատոնը

Armenpress 10:00, 3 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիդո կղզու Կինոյի պալատի գլխավոր սրահում բացվել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը՝ թվով 72-րդը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կարմիր ուղեգորգի վրայով անցել են իտալացի դերասաններ, ինչպես նաեւ փառատոնի ժյուրիի անդամները: Չնայած տապին, նրանց ողջունելու էին եկել բավականին մեծ թվով երկրպագուներ, որոնք տեղ էին զբաղեցրել ուղեգորգի երկայնքով: Իհարկե, գլխավոր աստղեր են դարձել ամերիկացի դերասաններ Ջեյք Ջիլենհոլը, Ջոշ Բրոլինը, Ջեյսոն Քլարքը եւ ռեժիսոր Բալթասար Կորմակուրը, որն աշխատել է «Էվերեստ» կինոնկարի վրա, որին այս տարի պատիվ է վիճակվել՝ բացելու աշխարհի հնագույն կինոփառատոնը: Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Այն պատմում է աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճած երկու արշավախմբերի մասին:

Այս տարվա հիմնական մրցույթին ներկայացված է 21 կինոնկար: Հայտնի կինեմատոգրաֆիստների նոր աշխատանքների թվում Է իտալացի ռեժիսոր Մարկո Բելոկիոյի «Իմ արյան արյունը» պատմական դրաման՝ Ալբա Ռորվահերի մասնակցությամբ, որն անցյալ տարի ստացել է դերասանական Վոլպիի գավաթը: Բելոկիոյի «Քնած գեղեցկուհին» նախորդ ժապավենը Վենետիկում ներկայացվել էր 2012 թվականին:

Ներկայիս ստուգատեսի պրեմիերաներից մեկը կդառնա «Օսկար» մրցանակի դափնեկիր Թոմ Հուփերի «Աղջիկը Դանիայից» ժապավենը, որը հիմնված է Դեւիդ Էբերսհոֆի համանուն բեսթսելլերի վրա: Կինոնկարը պատմում է դանիացի նկարչուհի Հերդա Վեգեների եւ նրա ամուսնու՝ մոդել Էյների փոխհարաբերությունների մասին, որին սեռափոխության աշխարհում առաջին վիրահատությունն են կատարել: Հերդայի դերը խաղացել է ճանաչված երիտասարդ դերասանուհի Ալիսիա Վիկանդերը, իսկ Էյներ Վեգեների դերը՝ Էդդի Ռեդմեյնը, որը «Օսկար» մրցանակի է արժանացել «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար:

Այս տարի գլխավոր մրցույթի ժյուրին գլխավորում է «Օսկար» մրցանակի դափնեկիր Ալֆոնսո Կուարոնը:

Զուգահեռ անցկացվող «Հորիզոններ» մրցութային ծրագրում ներկայացված կլինի 18 լիամետրաժ եւ 14 կարճամետրաժ կինոնկար: Այդ մրցույթի ժյուրին կգլխավորի «Գառների լռությունը» ֆիլմի ռեժիսոր Ջոնաթան Դեմեն, որը նաեւ կստանա սոտւգատեսի պատվավոր պարգեւներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am