Հենրիխ Մխիթարյանը երեխաներին իր ստորագրությամբ գնդակներ և շապիկներ նվիրեց

Armenpress 16:57, 2 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բարեգործական ձեռնարկ:

«Tecbuy» և «Airpo-Tech» ընկերությունների սփյուռքահայ գործարարներ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը Հենրիխ Մխիթարյանին նվիրեցին իրենց հեղինակած «էրեբունի հավերժ» ոսկյա բացառիկ ինքնահոս գրիչը, որն արտադրվել է իտալական հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպա (Montegrappa) ընկերության կողմից: Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:

«Ողջունում եմ բոլորին և հատկապես՝ երեխաներին: Ես ևս նվերներ եմ պատրաստել նրանց համար: Երեխաներին մաղթում եմ առողջություն, նպատակների իրականացում ու հաջողություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Գրիչի վրա պատկերված են հայկական խորհրդանիշեր՝ հայոց այբուբենը, նուռ, «Հավերժության անիվը», աղավնի, Զվարթնոցի և Էջմիածնի տաճարները և այլն:

Հենրիխ Մխիթարյանն այդ գրիչով ստորագրեց գնդակներ, որոնք նվիրաբերվեցին հանդիսությանը ներկա գտնված «Հայկական Կարիտաս» ընկերության Գյումրիից, Վանաձորից, Արտաշատից, Երևանից ժամանած երեսուն շահառու երեխաներին, որոնցից տասը` Հայաստանում հանգրվանած սիրիահայ երեխաներ են:

Հենրիխ Մխիթարյանը բարեգործական ձեռնարկի ընթացքում ստորագրեց նաև անվանական երկու մարզաշապիկներ և քսան գնդակներ, որոնք հետագայում կդրվեն բարեգործական աճուրդի, որից գոյացած գումարը կտրամադրվի Հայաստանի մանկատների սաներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am