Գուրգեն Դալիբալթայանը տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց հայոց բանակի հաղթանակներին. ՀՀ Նախագահ

Armenpress 21:15, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել Դալիբալթայանների ընտանիքին՝ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի մահվան մասին:

Անուրանալի է Գուրգեն Դալիբալթայանի ավանդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման և կայացման, բանակաշինության գործում: Նրա անունը անխզելորեն կապված է Արցախյան ազատամարտի կարևորագույն մարտական գործողությունների նախապատրաստման և իրականացման հետ:

Լինելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի առաջին պետը և Հանրապետության Նախագահի երկարամյա գլխավոր ռազմական տեսուչը՝ անվանի զորավարը իր հարուստ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մեր ազգային-ազատագրական պայքարի և հայոց բանակի հաղթանակներին:

Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին և մերձավորներին, Գուրգեն Դալիբալթայանի զինակից ընկերներին»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am