Արմեն Աշոտյանը հորդորում դպրոցներում խուսափել է զանգվածային կրճատումներից

Armenpress 17:26, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հորդորում է զանգվածային կրճատումների չդիմել: Օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում Արմեն Աշոտյանը նշեց, որ կրճատումներ կատարելիս պետք է բացարձակ օբյեկտիվ լինել:

«Կենսաթոշակային տարիքի հասած մեր պատկառելի մանկավարժներին պետք է հայտնենք մեր խորին շնորհակալությունը և խրախուսենք նրանց, որպեսզի իրենց տեղը զիջեն երիտասարդ մասնագետներին: Վերջին հետազոտության շրջանակներում, որին մասնակցում էր շուրջ 80 երկիր, պարզվեց, որ Հայաստանն ունի ամենատարեց ուսուցչական կազմը: Այն շատ շատ փորձառու է, բայց այս ցուցանիշը նաև որոշակի խնդիրների է բերում` հատկապես նոր տեղեկատվական տեխնոլոգիաներով ուսուցման մեթոդների չտիրապետելու հետ կապված»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարը հորդորեց նաև հնարավորության դեպքում կիսել դասաժամերը, պահել մանկավարժական պրոֆեսիոնալ համակազմը:

«Բայց միաժամանակ այս հնարավորությունն օգտագործեք վատ, ոչ պրոֆեսիոնալ ուսուցչից ազատվելու համար: Պահե’ք լավագույններին: Փորձեք մնթոլորտ ստեղծել կոլեկտիվում, որ միասին անցնեք մարտահրավերները: Ֆինանսական կայունությունը ձեր արդյունավետ գործունեության կարևորագույն ցուցանիշներից մեկն է: Եթե տնօրենները տարին փակեն ֆինանսական պարտքերով, և պարզվի, որ սխալ մենեջմենթի հետևանք է և նախապես չի ահազանգվել, ապա նոր տարին կդիմավորենք առանց այդ տնօրենների: Ես չեմ խնդրել ձեզ տնօրեն աշխատել: Դուք եք ցանկացել, ով չի կարող աշխատել` կարող է չաշխատել»,-եզրափակեց Արմեն Աշոտյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am