Մինչև սեպտեմբերի առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում. գյուղնախարարություն

Armenpress 15:01, 29 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև սեպտեմբերի առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախարարությունը նշում է, որ Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է  ապրիլից և ավարտվում հուլիսին: Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց զանգվածային բերքահավաքը սկսվելու է սեպտեմբերի կեսերից: Նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի  բերքահավաքն արդեն  մեկնարկել է:

 «Ստացվում է այնպես, որ, ամբողջ օգոստոսին, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է ժամանակավոր գնաճի: Վստահեցնում ենք, որ մինչև սեպտեմբերի առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին»,- հայտարարում է Գյուղնախարարությունը:

Նախարարությունը վերահսկում է իրավիճակը և հավաստիացնում, որ Հայաստանի Հանրապետությունում սեփական արտադրության հաշվին 2015 թվականի լիովին բավարարվում է կարտոֆիլի բերքի ներքին սպառման ամբողջ պահանջարկը`  հնարավորություններ ստեղծելով նաև արտահանման համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am