Բելառուսի նորանշանակ դեսպանը ՀՀ ԱԳ նախարարին է հանձնել իր hավատարմագրերի պատճենը

Armenpress 18:25, 27 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպան Իգոր Նազարուկն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորել է նրան Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ դեսպան Իգոր Նազարուկն իր գործունեությամբ կնպաստի հայ-բելառուսական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ երկու երկրների միջև առկա համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու համար առավելագույն ջանքերը կներդնի։ Դեսպան Նազարուկը Հայաստանի արտգործնախարարին է փոխանցել Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Նազարուկը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ հավելյալ ջանքերի գործադրումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին և միջխորհրդարանական կապերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՏՄ շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև արտգործնախարարությունների միջև համագործակցությանը, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am