Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Armenpress 19:57, 21 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։

Առաջիկա շաբաթվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նախատեսում է քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ սկսել:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am