Իրավապահները ձերբակալել են Նիժնի Նովգորոդում վեց երեխաների եւ կնոջ սպանության մեջ կասկածվողին

Armenpress 12:08, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Վլադիմիրի մարզում ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել են Օլեգ Բելովին, որին կասկածում են Նիժնի Նովգորոդում իր վեց երեխաներին ու կնոջն սպանելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեեւան:

«Վլադիմիրի մարզի Կովրով քաղաքում ՆԳ նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են իր երեխաների եւ կնոջ սպանության մեջ կասկածվողին, որը կատարվել է Նիժնի Նովգորոդում»,- ասել է Ալեքսեեւան:

Նա նշել է, որ կասկածյալ Բելովը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել, բայց ոստիկանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Օգոստոսի 4-ին Նիժնի Նովգորոդի բնակարաններից մեկում, որտեղ ապրում էր բազմանդամ ընտանիք՝ մինչեւ վեց տարեկան վեց երեխաներով, գտել են անդամահատված մարմիններ:

Նիժնի Նովգորոդի ոստիկանության աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը պլանավորել էր հանցագործությունը: «Սպանությունը կատարվել է առանձնակի դաժանությամբ եւ կարելի է ենթադրել, որ այն պլանավորված է եղել»,- նշել են ոստիկանությունում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am