Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ հաջողության է հասել Զաբադանի քաղաքում

Armenpress 19:15, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը լիբանանյան «Հըզբոլլահի» հետ համագործակցության արդյունքում նոր հաջողություններ է գրանցել ահաբեկիչների դեմ պայքարում Զաբադանի քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, համատեղ ուժերով ազտագրվել են քաղաքի մի քանի շինություններ: Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ ազատագրվել են Զաբադանիի արևմտյան ծայրամասի Ջամիյաթ թաղամասի մի քանի շինություններ, ոչնչացվել են ահաբեկիչների թաքստոցներ: Ռազմական գործողությունների ընթացքում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել են նրանց զենքերը:

Սիրիական բանակը «Հըզբոլլահի» հետ շուրջ մեկ ամիս շարունակ լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալում Զաբադանի քաղաքում՝ խոշոր վնասներ հասցնելով նրանց:

Պայքարն ահաբեկիչների դեմ շարունակցում է Թադմուր պատմական քաղաքում և մերձակա գյուղերում: Մասնավորապես Թամսիլ գյուղում «Իսլամական պետության» մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am