Հայաստանում ավիաընկերությունների հետ քննարկում են չվերթները գիշերային ժամերից տեղափոխելու հարցը

Armenpress 18:25, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանն օգոստոսի 3-ին ընդունել է ՀՀ-ում գործող ավիաընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնամիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ավիաընկերությունների կողմից իրականացվող գիշերային չվերթների տեղափոխման հնարավորությունը` կարևորելով Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովման հարցը: Ավիաընկերությունների ներկայացուցիչները գիշերային չվերթների իրականացումը հիմնավորել են տարանցիկ երթևեկության համար հարմարավետ միակցումներով` պնդելով, որ ժամերի տեղափոխման դեպքում տարանցիկ ուղևորները ստիպված կլինեն օդանավակայաններում երկար սպասել մյուս չվերթներին` ճամփորդությունը շարունակելու համար: Արդյունքում, որպես հնարավոր լուծում, ուղևորների հարմարավետ ճափորդության ապահովման նպատակով քննարկվել է լրացուցիչ հաճախականությամբ ցերեկային չվերթների իրականացման հնարավորությունը, ինչն ավիաընկերությունների ներկայացուցիչները կքննարկեն գլխամասային գրասենյակների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am