Օբաման թույլատրել է օդուժի օգտագործումը սիրիական ընդդիմությանն աջակցելու համար
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման թույլատրել է ռազմաօդային ուժերն օգտագործել Սիրիայի ընդդիմադիր զինված կազմավորումներին պաշտպանելու համար, եթե նրանք հարձակման ենթարկվեն երկրի կառավարական զորքերի կամ այլ խմբավորումների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը:
Ինչպես նշում է հրատարակությունը, այդ որոշումը մեծացնում է այն բանի վտանգը, որ ամերիկյան զինված ուժերն ուղղակի հակամարտության մեջ կմտնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի հետ:
Ամերիկացի պաշտոնատարների խոսքով՝ որոշմանը նախորդել են երկար ամիսներ տեւած բանավեճերը այն խնդրի շուրջ, թե ամերիկացի զինվորականները ինչ ներդրում պետք է ունենան ռազմական գործողությունների սիրիական թատերաբեմում իրենց դաշնակիցների աջակցությունն ապահովելու գործում:
Նշվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները խորապես անհանգստացած են այն բանից, որ Պենտագոնը, ռազմական ուժով պաշտպանելով սիրիական ընդդիմությանը, կարող է ոչ միտումնավոր կերպով բացահայտ հակամարտության մեջ մտնել Ասադի կառավարության հետ:
Լուսանկարը` АР