Կոտայքում թունավորված քաղաքացիներից 10-ի բուժումը դեռևս շարունակվում է

Armenpress 11:43, 2 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզից սուր սննդային թունավորում ախտորոշմամբ 11 քաղաքացի օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը դիմել է «Նորք» ինֆեկցիոն, 19-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և 2-ը` Մասիսի բժշկական կենտրոններ: Բոլորը մասնակցել են միևնույն միջոցառման: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,  Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանը և ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանն այցելել են բժշկական կենտրոններ, ծանոթացել հիվանդների առողջական վիճակին: Բժշկական հաստատություններում կատարվել են համաճարակաբանական բոլոր  անհրաժեշտ հետազոտություններն ու միջոցառումները:

Հոսպիտալացված հիվանդների մեծ  մասն առողջացումով դուրս է գրվել: Այս պահին բուժումը շարունակում է տասը հիվանդ`  5 -ը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և 5-ը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Նրանց մոտ ևս առկա է դրական շարժընթաց: Հիվանդների առողջական վիճակը գտնվում է ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի անմիջական հսկողության ներքո:

Հաշվի առնելով հանրապետությունում շոգ կլիմայական պայմանները` ՀՀ առողջապահության նախարությունը կրկին հորդորում է բնակչությանը հետևել ճիշտ սննդակարգին, խուսափել ժամկետանց սնունդ օգտագործելուց, չսնվել պատահական վայրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am