Մարմարիկի ջրամբարը 23 միլիոն խմ-ով նվազեցնում է Սևանա լճից կատարվող ջրի բացթողումները
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցված և 2012 թվականին շահագործման հանձնված Մարմարիկի ջրամբարը թույլ է տալիս տարեկան 23 միլիոն խմ-ով նվազեցնել Սևանա լճից ոռոգման նպատակով կատարվող ջրի բացթողումները: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: «Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում սա առաջին ջրամբարն է, որը հանձնվել է շահագործման: 2012 թվականից ի վեր այս ջրամբարը փորձարարական ծանրաբեռնվածության է ենթարկվել տարեկան 6-7 մլն խմ-ով և այսօրվա դրությամբ ջրամբարը ծանրաբեռնված է 20 մլն խմ-ից ավելի ջրով: Այս փաստը վկայում է, որ Մարմարիկի ջրամբարը հաղթահարել է ջրամբարների համար նախատեսված 4-5 տարիների փորձաշրջանը և լիովին շահագործվել իր ամբողջ 23 միլիոն խմ օգտակար ծավալով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:
Արամ Հարությունյանը նկատեց, որ վերականգնված պատվարը ունի 55 մ բարձրություն և հնարավորություն է տալիս կարգավորել Մարմարիկ գետի հոսքը: «Ջրամբարի անվտանգության ապահովման համար կառուցվել է 266 մ երկարությամբ «կատաստրոֆիկ ջրթող», ինչը թույլ կտա ըստ անհրաժեշտության ջրամբարից անվտանգ դատարկել ջրի ավելցուկը»,-շեշտեց նա:
Նորակառույց ջրամբարները, տիպային կանոնների համաձայն, սկզբնական շրջանում ջուր պետք է ամբարեն փուլային տարբերակով և աստիճանաբար հասնեն նախագծային ծավալի ամբողջ օգտագործմանը: Շահագործման առաջին տարում՝ 2012 թվականին Մարմարիկի ջրամբարը լցվել է 6 մլն խմ, 2013 թվականին՝ 11.5 մլն խմ, 2014 թվականին՝ 16 մլն խմ ջրով: