Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ

Armenpress 16:44, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել և բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, կալանավոր Մելիք Ա.-ն հայտնել է նաև, որ նույն օրն ինքը ձերբակալվել է և տարվել ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ ինքնավնասում է կատարել, ինչի հետևանքով վատացել է ինքնազգացողությունը, սակայն ոստիկանության ծառայողները իրեն բուժօգնության նպատակով հիվանդանոց չեն տեղափոխել:

Մելիք Ա.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am