Մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երեխաների 3-րդ հերթափոխը

Armenpress 11:36, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ հարյուրավոր երեխաներ հունիսի 19-ից իրենց ամառային հանգիստն են անցկացրել մարզաառողջարանային ճամբարներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, hուլիսի 27-ին 20 օր տևողությամբ երրորդ հերթափոխով ճամբարներ են մեկնել 425 երեխաներ:

Ճամբարականներին, ավանդույթի համաձայն, ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, աշխատակազմերի ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Նույն ավտոբուսներով Երևան են վերադարձել երկրորդ հերթափոխով` հուլիսի 8-27-ը հանգստացած երեխաները: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը կհասնի 1175-ի: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության համագործակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am