Սիրիական բանակը Դամասկոսի Ջոբար թաղամասում մի քանի շինություններ է ազատագրել
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Դամասկոսի Ջոբար թաղամասում հուլիսի 27-ին մի քանի շինություններ է ազատագրել ահաբեկչական խմբավորումներից, ոչնչացրել է նրանց թաքստոցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բացի այդ, սիրիական բանակի ստորաբաժանումներից մեկը «Իսլամական պետության» ահաբեկիչների է ոչնչացրել, ովքեր փորձել են ներթափանցել Թադմուրի մերձակայքում գտնվող Թել Մակալաա գյուղ:
Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ բանակի գործողությունների արդյունքում Խան աշ Շեյխ ագարակներում, Հուսեյնիա գյուղում «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման շարքերում զոհեր ու վիրավորներ են գրանցվել, ոչնչացվել են նրանց զենքերը:
Սիրիական օդային ուժերը Լաթաքիայի հյուսիսային գյուղերում շուրջ 30 ահաբեկիչների են ոչնչացրել՝ հարվածներն ուղղելով նրանց թաքստոցների ուղղությամբ:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: