«Հուսո առագաստ-2015» փառատոնը կբացահայտի երիտասարդ հեղինակ- կատարողներին
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ հեղինակ-կատարողներին ի հայտ բերելու և նրանց գործունեությանը նպաստելու նպատակ ունեցող «Հուսո առագաստ-2015» հեղինակային երգի համահայկական փառատոնը մեկնարկում է: Բարդերի ակումբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած իրադարձությունը կանցկացվի երկու փուլով:
«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրեն, երգահան Վախթանգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հուլիսի 25-ին տեղեկացրեց, որ փառատոնի առաջին փուլն անցկացվելու է Սևանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը:
«Բավական երկար ժամանակ է՝ փառատոնային հանդիպում չենք ունեցել: Հուսով ենք՝ կընդգրկենք մեր երիտասարդ ընկերներին: Փորձը ցույց է տալիս, որ ամեն փառատոնից 3-5 հոգի համալրում է մեր բանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վախթանգ Հարությունյանը:
Երգահանը տեղեկացրեց, որ երկրորդ փուլը կանցկացվի օգոստոսի 26-28-ին՝ Դիլիջանի կոմպոզիտորների միության հանգստյան տանը:
«Դիլիջանում գալա-համերգ կանցկացվի, մրցանակների հանձնում: Փառատոնին մասնակցելու համար հենց այսօր մինչև հուլիսի 31-ը ցանկացողները կարող են հայտեր ուղարկել: Այն ներկայանալու հնարավորություն չունեցող երիտասարդներին հարթակ է տրամադրում: Լավագույն տասնյակի երգերը կձայնագրենք Կոմպոզիտորների միության ստուդիայում, իսկ Բարդերի ակումբն էլ հնրավարութուն կունենա ձայնասկավառակներով տարածել»,- հավելեց Վախթանգ Հարությունյանը:
«Հուսո առագաստ-2015» փառատոնի տնօրենը տեղեկացրեց, որ վերջին գալա-համերգի հասույթն ուղղվելու է Դիլիջանի երաժշտական դպրոցում կիթառի դասարանի ստեղծմանը:
«Սա նմանատիպ փառատոն կազմակերպելու երրորդ փորձն է, 90-ականներին և 2000-ականներին ենք կազմակերպել: Յոթ տարի փառատոն չենք անցկացրել»,- նշեց նա:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Զորիկյանն էլ հավելեց, որ փառատոնը թեմատիկ և տարիքային սահմանափակում չի դնում: