IDeA-ն ու ՎԶԵԲ-ը կաջակցեն ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին

Armenpress 13:03, 22 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) միջեւ հուլիսի 22-ին համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հանրային կապերի բաժնից, կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել  Հայաստանում կայուն եւ տնտեսապես արդյունավետ քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Հուշագիրն ստորագրել են IDeA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանն ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը:

«IDeA  հիմնադրամի կողմից իրականացվող «Տաթևի վերածնունդ» և Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրերն առաջին հերթին ուղղված են այդ տարածաշրջաններում  համայնքային ենթակառուցվածքների եւ  զբոսաշրջության զարգացմանը: Մենք ուրախ ենք, որ զարգացմանն ուղղված ծրագրերում կունենանք այնպիսի կարեւոր գործընկեր, ինչպիսին ՎԶԵԲ-ն է: Համոզված ենք, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ավելի մեծ  ծավալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաեւ ընդլայնել գործակցության շրջանակները՝ ընդգրկելով նաեւ այլ ոլորտներ»,-նշել է Էդգար Մանուկյանը:   ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի տնօրենը նույնպես կարեւորել է փաստաթղթի ստորագրումը: «Մենք ակնկալում ենք շարունակել եւ խորացնել գործարար միջավայրի եւ  տարածաշրջանների տնտեսական զարգացմանն ուղղված մեր փոխգործակցությունը: ՎԶԵԲ-ը պատրաստակամ է աջակցել Հայաստանում հուսալի եւ ժամանակակից ենթակառուցվածքների զարգացմանը», -ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am