Ադրբեջանում կովերով բողոքի ակցիա է անցկացվել

Armenpress 17:59, 4 Հուլիս, 2015

 ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում կովերով բողոքի ակցիա է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Իմիշլիի շրջանի Արանլը գյուղի բնակիչները հուլիսի 4-ի առավոտյան, որպես բողոք, իրենց տավարը քշել են ոչ թե արոտավայրեր, այլ գյուղապետարանի շենքի դիմացի հրապարակ:

Գյուղացիները բողոքում են գյուղապետարանի կողմից հասարակական արոտավայրերը մասնավոր անձանց վաճառելու դեմ, որտեղ նրանք տարիներով արածացրել են իրենց անասուններին:

Գյուղացիները պնդում են, որ իրենց համար արոտատեղիների կորուստը սպառնում է տավարի կորստով, ինչն իրենց համար նշանակում է՝ կորցնել վաստակի միակ աղբյուրը:

Գյուղ են ժամանել շրջանի ոստիկանության եւ գործադիր իշխանության  ներկայացուցիչներ: Կովերով բողոքի ցույցը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am