Հայաստանում կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով

Armenpress 13:34, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ կստեղծվի Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով: Միաժամանակ, գործադիրն այսօրվա նիստում հաստատեց հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ 2014 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ համաձայնագրի գլխավոր նպատակն է տեղական ընկերությունների արտադրանքի արտահանման և դեպի Հայաստան ներդրումների աճի ապահովումը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը և հզորացումը:

Համաձայնագրի հիմնական բաղադրիչների իրականացման և ՀՀ-ի կողմից ամրագրված պարտավորություններն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել ծրագրի ղեկավար հանձնաժողով և հաստատել ղեկավար հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը: Հանձնաժողովի նախագահի պաշտոնում հաստատվեց ՀՀ էկոնոմիկայի նախագահ Կարեն Ճշմարիտյանը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am