Բոլոնիայում կցուցադրվի ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին (լրացված)

Armenpress 13:55, 1 Հուլիս, 2015

ԲՈԼՈՆԻԱ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Բոլոնիա քաղաքում ընթացող «Cinema Ritrovato» կինոփառատոնի շրջանակում հուլիսի 1-ի երեկոյան կցուցադրվի Հայոց ցեղասպանությանը նվիրված կարճամետրաժ ֆիլմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով  Nouvelles d'Armenie պարբերականը, ֆիլմը կարճամետրաժ վավերագրական ստեղծագործություն է: Ֆիլմի կադրերում ներկայացված են անապատում հայ փախստականների ճամբարները, երեխաների շարքերն ու գաղթի ճանապարհը:

Ըստ France-Presse լրատվական գործակալության` «Cinema Ritrovato» 29-րդ կինոփառատոնի շրջանակներում ներկայացվելիք պատմական մեծ արժեք ներկայաացնող տեսաֆիլմը հայտնաբերվել է լրիվ պատահաբար: Այն երկար տարիներ պահվել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Համր ֆիլմը թվագրվում է 1923 թվականով և ներառում է Թուքիայում նավեր բարձրացած երեխաների, ճանապարհի երկայնքով կանգնած գաղթականների շարքերի լուսանկարներ:

Կինոփառատոնի ժամանակ կցուցադրվեն նաև Համո Բեկնազարյանի «Նամուսը» (1925), որ առաջին հայկական ֆիլմն է, Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1969) և Հենրիկ Մալյանի «Նահապետը» (1980):

Բացի վերը նշված ֆիլմերից, կցուցադրվի նաև Եգիպտոսի հայ գաղթականների մասին պատմող 5 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ` պատրաստված ֆրանսիական բանակի զինվորների կողմից: Սակայն կինոփառատոնի մարգարիտն է լինելու «Հայաստան` մարդկության բնօրրան» 4 րոպեանոց ֆիլմը` նկարահանված Ցեղասպանությունից անմիջապես հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am